17/01/2019 14:43
Թեհրանը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ ազատել իրանցի լրագրողուհուն
Միացյալ Նահանգները պարտավոր է անհապաղ ազատել Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիին, որը Վաշինգտոնում ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որի խոսքը մեջբերել է Press TV հեռուստաալիքը:
«Հաշեմիի ձերբակալությունը խոսքի ազատության ուղղակի խախտում է և անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել նրան»,- ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաև Իրանի քաղաքացի է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»: Նախարարի խոսքով՝ «նա անհիմն է ձերբակալվել ԱՄՆ-ում»:
Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հղում անելով Հաշեմիի որդուն, հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Մարզիեին ձերբակալել են այն պատճառով, որ նա կարևոր վկա է դատաքննություններից մեկում: