17/01/2019 12:54
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուղղված էր բանակցային մթնոլորտ ստեղծելուն․ Իգիթյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների թե այս, թե նախկին հանդիպումներն ուղղված են ստեղծել մթնոլորտ, որտեղ հնարավոր է բանակցել, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։
«Մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղությանը։ Եթե պատրաստ չլիներ, 1994-ին թե Հայաստանի կողմը, թե ԼՂՀ կողմը չէին ստորագրի զինադադարի համաձայնագիրը», - ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ նոր իշխանությունները պնդում են Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը, քանի որ որոշ ընդդիմախոսների կարծիքով, տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նոր իշխանությունը հրաժարվել է պնդել Ադրբեջանին կատարել այդ պայմանավորվածությունները, Իգիթյանը հակադարձեց․
«Չկա այդպիսի տպավորություն, կան այդպիսի ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանություններից, որոնք ուզում են, որ նման բան լինի։ Իրականում նման բան չկա, որովհետև բոլոր հանդիպումներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը», - ասաց նա։
Հիշեցնենք, երեկ՝ հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: