17/01/2019 18:10
Քննարկել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները
Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ:
«Ռենկոյի» գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն է հայտնել ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները: