17/01/2019 16:41
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:
Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը ներկայացրել է պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ մասնավոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ և դրա հեռանկարներին:
Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախությունն է հայտնել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Վերջինս Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ծավալվող գործունեությունը տարբեր ոլորտներում` ուղղված արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը: Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենյակի և Հայոց Եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գործակալությունների և եկեղեցական կառույցների միջև ձևավորված գործակցության առիթով` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն: ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցել է Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` միջկրոնական երկխոսության մեջ հետևողական ներգրավվածության և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն է բերել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի լայնածավալ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի և Կլոր Սեղան հիմնադրամի հետ:
Նորին Սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների գործունեությունը մասնավորապես կրթա-դաստիարակչական և սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկա ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ 2019 թվականին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռի և թեմերի կողմից կազմակերպվելու են հասարակության մեջ ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվելու են նաև աջակցության զանազան ծրագրեր:
Զրույցի ընթացքում խոսվել է առկա գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին: