17/01/2019 12:43
Առաջնագծից 18 տարեկան երիտասարդներին պայմանագրայիններով փոխարինելը կարող է տնտեսական էֆեկտ տալ. Անդրանիկ Քոչարյան
Առաջնագծի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, և ինժեներական ամբողջ համակարգը պետք է վերակառուցվի, վերադասավորվի և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնել՝ երիտասարդներին փոխարինեն պայմանագրայինները, այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Քոչարյանը պաշտպանության նախկին փոխնախարարն է եղել:
«Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել: Իմ տեսակետը ներկայացրել եմ զինվորական ընկերներիս, ովքեր բոլորն էլ կողմ են, սակայն միակ արգումենտը, որ ընդդիմանում էին, տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է: Պետք է քննարկել այդ հարցը, բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ՝ հաշվի առնելով, որ առաջնագծի փոփոխությունը կարող է տալ տնտեսական էֆեկտ, եթե առաջնագծի զինծառայողները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, դա կներդնեն տվյալ տարածքում, կմոտենցնեն իրենց ընտանիքներն իրենց ու շարժ կլինի: Առաջնագծից հանելով երեխաներին՝ մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք», - ասաց Քոչարյանը: