17/01/2019 18:04
Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։
Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին:
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, սակայն չցանկացավ ասել, թե երբ կհրապարակվի որոշումը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ըստ գլխավոր դատախազության, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։
Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։