17/01/2019 13:15
«Քաղբանտարկյալ» տերմինը չի տարածվում Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա․ Իգիթյան
Իրենց պաշտպանյալներին քաղբանտարկյալ որակելով՝ պաշտպանները վնասում են նրանց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի կողմից իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուն։
«Պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին», - նշեց նա։
Պատգամավորն ընդգծեց, եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա 2012-ին ԵԽԽՎ-ում տրվեց այդ սահմանումը, մինչդեռ դրանում նշված կետերից ոչ մեկը, Իգիթյանի խոսքով, չի տարածվում Մանվել Գրիգորյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները ոչ մի ընդհնարություն չունեն «քաղբանտարկյալ» եզրույթի հետ։
«Եթե պաշտպանները հույս ունեն, որ ՄԻԵԴ-ում կփորձեն հետագայում պաշտպանել նրանց որպես քաղբանտարկյալ, նրանք սխալվում են», - ընդգծեց Իգիթյանը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: