17/01/2019 13:24
Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտելու մասնագետ էր. Անդրանիկ Քոչարյան
Ազգային անվտանգությունը և ոստիկանությունը այսօր խորհրդարանական վերահսկողության ներքո չեն, այլ՝ վարչապետի, այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հետաքրքրվեց, թե Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ կարծիքի Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը նախարարության կարգավիճակով խորհրդարանական վերահսկողության տիրույթ վերադարձնելու իրենց պահանջի մասին:
«Նաև հիշեցնեմ, որ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանն է փոխել այդ համակարգը և առանձնացրել կառավարության կառուցվածքից դուրս հանել, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինեն այս մարմինները ու միայն մեկ մարդու ենթարկվեն», -նկատեց Մարուքյանը:
Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ քայլին գնացել էր «հատուկ նպատակով, հոկտեմբերի 27-ից հետո»:
«Ռոբերտ Քոչարյանը, եթե հիշում եք, այդ ժամանակ սահմանադրության խախտմամբ պաշտոնից ազատեց նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Սահմանադրության խախտման մասնագետի, քննարկելու խնդիր չկա», - ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Մարուքյանի բուն հարցին՝ Քոչարյանն ասաց, որ Մարուքյանը այդպիսով Սահմանադրության փոփոխություն է առաջարկում:
«Ձեր ասած կառույցները որպեսզի դառնան նախարարություն, մենք Սահմանադրության փոփոխություն պետք է կատարենք: Եթե չէ, ապա կարծում եմ, որ գուցե կա անհրաժեշտություն, որ Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության կարգավիճակը բարձրացվի ու դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից», - ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
Նա ասաց, թե խորհրդարանական հանձնաժողովները կարող են վերահսկողություն իրականացնել ու նախկինում չլուծված խնդիրներին լուծում տալ:
«Նախկինում չեն լուծվել, քանի որ երկիրն ավտորիտար էր, բայց էսօր մենք նոր Հայաստանում ենք ու այդ ավտորիտարիզմն էր պատճառը, որ Հայաստանը կանգնած էր փոփոխության շեմին ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ», - հայտարարեց Քոչարյանը: