18/01/2019 18:10
Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը դժվարացավ մեկնաբանել որոշումը՝ նշելով, որ այն դեռ իրենց չի փոխանցվել և չի կարող ասել, թե ինչի հիմքով է երկարաձգել կալանքի որոշումը։
Նկատենք, որ պաշտպանական կողմը նաև Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Օրբելյանի փոխանցմամբ, դատարանը չի քննել այդ միջնորդությունը։
«Գրավի նոր միջնորդություն ներկայացնելն այս պահին տրամաբանական չէ, որովհետև դատարանն արդեն դիրքորոշում է հայտնել։ Բայց թիմով քննարկելուց հետո եկող շաբաթվա ընթացքում չի բացառվում, որ նոր միջնորդություն ևս մեկ անգամ ներկայացվի», -տեղեկացրեց Արամ Օրբելյանը։
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։