18/01/2019 17:25
Ինձ համար արդեն անտանելի է հետևել մարդկանց օտարացմանը. Գեղանկարիչ Կարեն Արայանը հանդիսատեսին կներկայանա «Զարթոնք» մոնոներկայացմամբ. տեսանյութ
Գեղանկարիչ Կարեն Արայանը շուտով հանդիսատեսին կներկայանա մոնոներկայացմամբ, որի մտահղացումը ծնվել է դեռևս տասնամյակներ առաջ: Վերջինս «Զարթոնք»-ի ոչ միայն միակ դերակատարն ու սցենարիստն է, այլ նաև՝ ռեժիսորը:
«Ինչքան էլ անհավանական թվա, բայց այս մտահղացումն իմ մեջ ծնվել է դեռ 8 տարեկանից, երբ մարդկային շփման մեջ ուզեցա առաջին փոփոխությունն անել: Տարիների հետ փոփոխվելն ու շատ բաներ նկատելս կուտակեց մի ամբողջ ծրագիր, որը հնարավոր էր իրականացնել: Այդ իրականացման առաջին քայլս որոշեցի անել հենց մոնոներկայացման միջոցով, որտեղ կուտակվածի գոնե մի չնչին մասը կկարողանամ արտահայտել, ու վստահ եմ, որ դա կունենա արդյունք», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարեն Արայանը:
Իշխանափոխության, կամ այսպես ասած, հեղափոխության առաջին իսկ օրերից գեղանկարիչն աչքի է ընկել իր ակտիվությամբ՝ գրեթե միշտ ներկա գտնվելով հրապարակային հանդիպումներին ու ցույց-ակցիաներին: Հարցին՝ որպես ՀՀ քաղաքացի՝ արդարացվա՞ծ են իր սպասելիքները, ու արդյոք «Զարթոնք»-ը քաղաքական ուղղվածություն ունի ու արտացոլելու է հեղափոխության շրջանը, պատասխանեց.
«Գիտե՞ք, քաղաքականության մեջ չկա և չի կարող լինել մեկը, ում ես կողմնակից լինեմ: Ընդհանրապես, աշխարհում չկա մեկը, ում հետևից կքայլեմ: Ես ունեմ իմ ճանապարհը, որը կարող եմ կիսել նաև հեղափոխություն անողի հետ, եթե մեր շահերը համընկնեն: Հեղափոխությանը մասնակցելուս դրդապատճառը միմիայն հին ռեժիմին դեմ լինելս էր, միայն նման դեպքերում ինձ կարող եք տեսնել քաղաքականությանը խառնվելիս: Իսկ ընդհանրապես՝ ինձ բոլորովին հետաքրքիր չի՛ եղել, հիմա հետաքրքիր չի՛ ու չի՛ էլ հետաքրքրի քաղաքականությունը: Ինձ համար դա միշտ մեծ ձանձրույթ է եղել… Ինչ վերաբերում է ներկայացման ուղղվածությանը, ապա կոնկրետ որևէ պետության քաղաքականության հետ չի թեմայի կապը, այլ՝ ամբողջ աշխարհի: Մեր՝ իրար նմանության մասին է ներկայացումը, մարդկանց միմյանցից օտարացնող համակարգերի վերացման վերլուծություն է: Ներկայացումն ունի մեկ գլխավոր նպատակ, որը մեր՝ իմ ու ձեր մի ամբողջականություն լինելը բացահայտ ապացուցելն է: Պարզապես ինձ համար արդեն անտանելի է հետևել մարդկանց օրեցօր օտարացմանը, որը ի շահ ինչ-որ համաշխարհային ղեկավարների է: Դա ազդում է նաև Հայաստանի վրա»:
Սպասվող ներկայացման մասին Կարեն Արայանն ազդարարում է երգի ու տեսահոլովակի միջոցով: Խոստովանում է՝ հատուկ երաժշտություն չի գրվել ներկայացման համար, այլ պարզապես վերցրել է արդեն հայտնի երաժշտություններ: Իսկ խոսքերի հեղինակն ու կատարողն ինքն է: Ի դեպ, խոսքերը գրվել են դեռևս 2012 թվականին:
Հատկանշական է, որ սա գեղանկարչի դերասանական ու ռեժիսորական առաջին փորձն է:
«Այո, ես դերասան չեմ, բայց այդ օրը բեմում լինելու եմ միայն ես: Սակայն հնչելու են ձայնագրություններ, որոնք արվել են հատուկ ներկայացման համար, ու դրանք արդեն իմ ձայնով չեն: Ես միայն տեքստերն եմ գրել: Իսկ բեմադրության հարցում ոչ մեկի հետ չեմ համագործակցում: Չեմ դժվարանում շփվել մարդկանց հետ: Ո՞նց կարող եմ ներկայացում դնել մեր ամբողջություն լինելու մասին ու դժվարանալ շփվել մարդկանց հետ, ովքեր իմ հետ նույն ամբողջականության մասնիկն են», - նկատեց նա:
Ներկայացման պրեմիերան նախատեսված է մարտ ամսին, իսկ թե ո՞ր թատրոնի բեմում՝ կհստակեցվի մոտ օրերս: