19/01/2019 10:15
Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյանը արձագանքել է ՀՀ նախագահին
Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը արձագանքել է Հաաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մի հայտարարությանը ու իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը, Արաբական Միացյալ Էմիրությունները հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է», - Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս «մոտեցումը» կար։ Արդյունքը զրո է»։