19/01/2019 09:40
Երբ պետք է խոսել, երբ՝ լռել. կամ հատկապես ինչ պետք է չանեն պատգամավորները. Մեկնաբանություն
Ավարտվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին աշխատանքային շաբաթը։ Այս ընթացքում նորընտիր պատգամավորները հասցրին վիճել, սխալ քվեարկել, թույլ տալ նաև սխալ արտահայտություններ, և ամենաքննարկվածը՝ գրաբարով մեջբերում անել։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գնահատել է խորհրդարանական անցնող շաբաթը։
Նոր խորհրդարանի կազմը, ըստ Հակոբյանի, բավական բազմաշերտ է.
«Այնտեղ կան և՛ բավականին փորձված մարդիկ՝ նույնիսկ 90-ականների խորհրդարանի անդամներ, և՛ կան պատգամավորներ, ովքեր եղել են մի քանի գումարումների Ազգային ժողովում, և իհարկե, կան մարդիկ, ովքեր հպարտությամբ իրենց անվանում են անփորձ, բայց ոչ գանձագող։ Այս շերտը հիմնականում իշխող դաշինքի մեջ է։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին օրերի աշխատանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր փորձված են, հստակ պատկերացում ունեն, թե իրենք որտեղ են գտնվում, ինչ պետք է խոսեն, երբ պետք է լռեն, այսինքն՝ ունեն քաղաքական հոտառություն և փորձ։ Իսկ նրանք, ովքեր որևէ փորձ չունեն, դեռևս չեն հասկանում, թե որտեղ են հայտնվել։ Եվ քանի որ բոլորն իրենց առջև խնդիր էին դրել հենց առաջին նիստերում ինքնադրսևորվելու և հիշվելու, փորձում էին ցանկացած հարցի շուրջ կամ հարց տալ, կամ արտահայտվել, ընդ որում, ինչքան հնարավոր է՝ օրիգինալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ իրենց կրթական ցենզի մասին որևէ կասկած չկա։ Խնդիրն այն է, որ նրանք լավ չեն պատկերացնում, թե այնտեղ իրենց ինչպես պետք է պահեն, ինչ անեն, և ինչ չանեն»։
Քաղտեխնոլոգի խոսքով, ով ինչից ուժեղ է, փորձում է իր ինտելեկտը հենց այդ հարցում ցույց տալ. «Ոմանք էլ փորձում են քաղաքական տարրեր մտցնել իրենց ելույթներում, և իրավիճակը քիչ է մնում հասցնեն միջազգային սկանդալի, ինչպես եղավ Իրանի մասին հայտարարության դեպքում»։
Եվ քանի դեռ ոչ բոլոր պատգամավորներն են հասցրել ինքնադրսևորվել, Վիգեն Հակոբյանը կարծում է, որ նման դեպքեր դեռևս կշարունակեն լինել։
«Բայց ժամանակի ընթացքում, և ցանկալի է ինչքան հնարավոր է դա շուտ լինի, ոմանք կսովորեն նաև լռել, կամ արտահայտվել միայն այն հարցերի շուրջ, որոնք հենց իրենց են վերաբերում, կամ այն հարցերի շուրջ, որտեղ առանց իրենց հարցն առաջ չի գնա»։
Հակոբյանն ասում է, որ միշտ ասել է, և այժմ էլ կրկնում է՝ երիտասարդությունն ու անփորձությունը թերություն չէ։
«Դա ժամանակի խնդիր է՝ եթե այլ թերություններ չկան, և եթե կա ունակություն՝ դառնալ մասնագետ։ Վատ է, իհարկե, որ շատ-շատերը խորհրդարանում պետք է քաղաքականության փորձ ձեռք բերեն, բայց հույս ունեմ, որ գոնե այդ անփորձների մի մասը անհրաժեշտ հմտությունները ձեռք կբերի։ Ամենից կարևորն այն է, որ այդ ժամանակահատվածում, մինչ իրենք փորձ են ձեռք բերում, վնաս չտան պետությանը», - եզրափակեց Վիգեն Հակոբյանը։