21/01/2019 11:30
Անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը դեռևս չի քննարկվել, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Քանի որ նախագիծը դեռ ներկայացված չէ, ԲՀԿ ներսում քննարկում չի եղել, հետևաբար որոշում չի կարող լինել», - ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ խմբակցության անունից չի կարող կարծիք հայտնել, բայց իր անձնական համոզմամբ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք չի տարանջատել իրարից ու մեկի կառավարումը հանձնել կառավարությանը, մյուսինը՝ խորհրդարանին:
«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին: Երկուսն էլ կոչված են ՀՀ-ում հանցագործությունների կանխմանը, հասարակական կարգի ամրապդնմանը: Այս կառույցները թեև գործառութային մի շարք էական տարբերություններ ունեն, բայց դրանք պետք չի տարանջատել, այլապես այդ կառույցների փոխշահավետ, փոխհամաձայնեցված և շահավետ համագործակցությունը կարող է խախտվել», - ասաց նա:
Անդրադառնալով սփյուռքի և մշակույթի նախարարություններին՝ պատգամավորը նշեց, որ այս մասով ևս խմբակցությունում քննարկում չի եղել, մինչդեռ իր պնդմամբ՝ հայ ժողովրդի պահպանման գործում մշակույթը նույնքան կարևոր դերակատարում է ունեցել, որքան՝ զինված ուժերն ու բանակը:
«Խնդիրը այն է, որ չգիտենք այն լուծարելով, այդ գործառույթների իրականացումը ինչ մեխանիզմով է կառավարությունը տեսնում: Դրա համար մեզ համար շտապողական կլինի, որ ասենք՝ միանշանակ դեմ ենք մշակույթի նախարարության լուծարմանը», - նշեց Պետրոսյանը: