22/01/2019 10:09
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքար. ՊԵԿ-ի կողմից պետբյուջե է վերականգնվել շուրջ 10 մլրդ դրամ
Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց և նրա կողմից կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքար մղելու մասին հայտարարություններից անցել է 8 ամիս։ Aysor.am-ը փորձել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե գրավոր հարցման միջոցով պարզել, թե որքա՞ն գումար է ՊԵԿ-ը վերականգնել 8 ամսվա ընթացքում։
Ի պատասխան Aysor.am-ի հարցման, ՊԵԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից 2018 թվականի վերջին 8 ամսիների ընթացքում՝ կոռուպցիոն և ստվերային տնտեսության դեմ պայքար մղելու արդյունքում պետական բյուջե կատարվել է փաստացի 2 մլրդ 034 մլրդ 650 հզր 266 դրամի վերականգնում:
Միաժամանակ նշել են, որ 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր ՊԵԿ հետաքննության վարչության կողմից վերականգնված գումարներն ամբողջությամբ մուտք են եղել պետական բյուջե:
ՊԵԿ լրատվական ծառայությունից նաև տեղեկացնում են, որ ՊԵԿ քննչական վարչության կողմից 2018 թվականի վերջին 8 ամիսների ընթացքում կոռուպցիոն և ստվերային տնտեսության դեմ պայքար մղելու արդյունքում պետական բյուջե կատարվել է փաստացի 7 մլրդ 234 մլն 615 հզր 985 ՀՀ դրամի վերականգնում:
Նաև փորձել էինք հասկանալ, թե բյուջե վերականգնված գումարից արդյոք ուղղվել են որևէ ծրագրի։ Սակայն մեզ պատասխանել են, որ պետական բյուջե կատարված վերականգնումների մասով այլ տեղեկություններ՝ դրանց պահուստային ֆոնդում պահվելու, Կենտրոնական բանկին ի պահ հանձնվելու և տնօրինման այլ տարբերակների վերաբերյալ ՊԵԿ-ը չի տիրապետում:
Նույնաբովանդակ հարցումն ուղարկել ենք նաև վարչապետի աշխատակազմ, Ֆինանսների նախարարություն, Պետական վերահսկողական ծառայություն։ Վարչապետի աշխատակազմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն խնդրել են 30 օր լրացուցիչ ժամանակ։
Ֆինանսների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ իրենք պատասխանատու են ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների հաշվառումն ըստ եկամտատեսակների իրականացնելու համար։
«Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջե կատարվող այլ վճարումների առանձնացված հաշվառմանն ըստ վճարողների և վճարման նպատակների, ապա դրանց պատասանատուն պատկան պետական մարմիններն են», - նշված է Ֆիննախի գրավոր պատասխանի մեջ։