22/01/2019 14:22
Քուրդ համայնքի ներկայացուցիչը նախորդ կառավարության չլուծած խնդիրները կբարձրաձայնի այս կառավարության առաջ
ՀՀ ԱԺ-ում քուրդ համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը դրական է գնահատում նախկին գումարման Ազգային ժողովի հետ աշխատանքները՝ վստահեցնելով, որ այս խորհրդարանում ևս ակտիվորեն շարունակելու է բարձրաձայնել ազգային փոքրամասնություն հանդիսացող քուրդ համայնքի ներկայացուցիչների ձայնը:
Aysor.am-ի հետ զրույցում Հասանովն ամփոփեց նախորդ խորհրդարանում համայնքի խնդիրներին ուղղված աշխատանքների արդյունքները:
Նա ընդգծեց՝ բարձրաձայնվել են համայնքին հուզոզ մի շարք հարցեր, որոնց մի մասը ստացել է լուծում, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է, որոշ հարցեր էլ հեղափոխությունից հետո այլ հասցեատերեր ունեն ու պետք է կրկին բարձրաձայնվեն: Պատգամավորն ընդգծեց՝ նախորդ գումարման խորհրդարանում մեծամասամբ բարձրացվել են համայնքներում ջուր չլինելու խնդիրը, ճանապարհների վատթար վիճակը, կրթական ու մշակութային որոշ հարցեր:
«Գյուղերից մեկի ճանապարհը շատ վատ վիճակում էր: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրի այս հարցը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն (Վահան Մարտիրոսյան՝ Aysor.am) ինձ խոստացավ, որ 2018 թվականի ծրագրում այն ներառված կլինի, բայց այդպես չեղավ, որովհետև նա դադարեց նախարարի պաշտոնում իր գործունեությունը և այդ հարցերը մնացին անկատար: Այս հարցերը կբարձրացնեմ նոր նախարարի (Հակոբ Արշակյան՝ Aysor.am) առաջ, տեսնենք՝ ինչ ընթացք կստանա», - ասաց նա:
Հասանովը գոհունակություն հայտնեց կրթության ոլորտում եղած խնդիրներից: Նրա խոսքով՝ քուրդ համայնքի կարևոր խնդիրներից մեկը դասագրքերի պակասն էր, որն այսօր լուծված է, մինչդեռ մշակութային պահպանման հարցում կան խնդիրներ.
«Բոլոր դասագրքերը դպրոցներում այսօր բաժանված են: Ունենք խնդիրներ թերթերի հետ կապված: Համայնքում լույս տեսնող թերթեր կան, բայց ֆինանսավորումը չնչին է, հիմա պետք է, որ այդ ֆիանանսավորումը շատացնեն»:
Ամփոփելով՝ Հասանովը դրական գնահատեց նախորդ ԱԺ-ի հետ աշխատանքը՝ նշելով.
«Խորհրդարանն արդյունավետ էր: Հիմա էլ հարցեր են բարձրացվում: Կարող եմ ասել, որ համայնքի համար կարևոր բոլոր հարցերն էլ կբարձրացվեն ու իրենց լուծումները կստանան»:
Նախորդ գումարման Ազգային ժողովն առաջին էր, որի կազմում ընդգրկվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Քուրդ համայնքի ներկայացուցիչն ինչպես նախորդ գումարման, այս գումարման ժամանակ ևս Կնյազ Հասանովն է, ասորի համայնքը շարունակում է ներկայացնել Արսեն Միխայիլովը, ռուս համայնքն այս խորհրդարանում ներկայացնում է Ալեքսեյ Սադիկովը, նախկին գումարման ԱԺ-ում՝ Տատյանա Միքայելյանն էր, եզդիական համայնքը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանը, նախկին գումարման ԱԺ-ում համայնքի ներկայացուցիչը Ռուստամ Մախմուդյանն էր: