22/01/2019 13:43
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։
Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ բավարարելով Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը։
«Որոշումը օրինական ու հիմնավոր էր», - նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Գրիգորյանի՝ ազատ արձակվելուց հետո մի խումբ անձանց կողմից բողոքի ակցիաներ էին անցկացվում Երևանում ու Էջմիածնում։
«Սա մեր հաղթանակն էր, կեցցե արդարադատությունը», - այսօր որոշման հրապարակումից հետո հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։