22/01/2019 11:24
Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում «Armenia!» ցուցահանդեսը ունեցել է ռեկորդային 250 000 այցելու
2019թ հունվարի 13-ին եզրափակվեց Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ին պաշտոնապես բացված «Armenia!» ցուցահանդեսը։
Ըստ Aysor.am-ի աղբյուրների, ցուցահանդեսը երեք և կես ամիսների ընթացքում ունեցել է առնվազն 250 000 այցելու։ Մոտավորապես նույնքան մարդ էլ ցուցահանդեսի նմուշները դիտել է օնլայն տարբերակով` թանգարանի կայքում բացված հատուկ էջում։
Ցուցահանդեսի համադրողը բյուզանդական շրջանի արվեստի պատմաբան ու հայ մշակույթի հայտնի մասնագետ դոկտ. Հելեն Էվանսն էր, ում իր հայանպաստ ջանքերի համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 24-ին շնորհել էր Հայոց Եկեղեցու պատվո բարձր պարգևը՝ «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանը:
Ցուցահանդեսի մտահղացումը պատկանում էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանին։
Հելեն Էվանսը սեպտեմբերի 24-ի բացման արարողության ժամանակ շնորհակալություն էր հայտնել ցուցահանդեսի բոլոր նախաձեռնողներին ու աջակիցներին։
Համաձայն «Մետրոպոլիտան» թանգարանի հաղորդագրության, ցուցահանդեսը գլխավորապես ֆինանսավորվել է «Հակոբ Գևորգյան հիմնադրամը» (ԱՄՆ), հավելյալ օժանդակություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեիլ հիմադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գիորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր և Աննա Հովհանյանների հիմադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյան ընտանիքը, Արվեստների Ռադըք հիմնադրամը, Քուլհանջյան ընտանիքը և Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը և ԱՄՆ Արվեստների ազգային հիմադրամը։
Բացման արարողությանը ելույթով հանդես էր եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին», - ասել էր վարչապետը։