22/01/2019 16:14
«Քաոս»-ը Հանրայինի եթերում կլինի փետրվարի 4-ից. պատրաստ է թիզերը
Փետրվարի 4-ից Առաջին ալիքի եթերով կմեկնարկի 16 մասից բաղկացած «Քաոս» հեռուստաֆիլմը, որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի մոտիվներով:
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ ֆիլմի պատվիրատուն Հանրային հեռուստաընկերությունն է, էկրանավորումը վստահվել է ռեժիսոր Հայկ Կբեյանին: Վեպը սցենարի է վերածել դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե 19-րդ դարում, այլ՝ 21-րդ:
«Մեծ ծախսեր ու տևական ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայինք իրադարձությունները վերարտադրել 19-րդ դարում, այդ պատճառով էլ նախընտրեցինք մեր ժամանակները: Սակայն կերպարներն, իրենց բնութագրերով ու անուններով, սյուժետային գծով ամբողջովին պահպանված են», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծել էր ռեժիսորը:
Նկարահանվել են Ռաֆայել Քոթանջյանը (Մարկոս Ալիմյան), Մկրտիչ Արզումանյանը (Սմբատ), Սոս Ջանիբեկյանը (Միքայել), Աննա Եգոյանը (Շուշանիկ), Խորեն Լևոնյանը (Իսահակ Մարութխանյան) և այլք:
Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Հատուկ ֆիլմի համար երաժշտություն է գրվել կոմպոզիտոր Վահե Գրիգորյանի կողմից: