23/01/2019 19:21
Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես գալով որպես բանախոս «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձել է ՀՀ-ում մամուլի ազատությանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Գիտե՞ք, ես իրականում լրագրող եմ, գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ ես կարծում եմ նորմալ է, որ լրատվամիջոցների և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։ Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին.
«Իրականում մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք, որովհետև մենք մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ ունենալ ուղիղ հեռարձակումներ իմ ֆեյսբուքյան էջով: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ, անաչառ ընտրությունների կապին, պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալ ի է», - ասել է նա։