23/01/2019 18:08
Հայաստանի նախկին վարչապետը Քննչական կոմիտեում բացատրություններ է տվել
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հրավիրվել է Քննչական կոմիտե ու Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում բացատրություն տվել։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Այս քրեական գործի շրջանակներում ՔԿ է հրավիրվել ու բացատրություն տվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։
Aysor.am-ին Հատուկ Քննչական ծառայությունից տեղեկացրին, որ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն այսօր ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ։ Քրեական գործից մանրամասներ ՀՔԾ-ից չեն փոխանցում, քանի որ դեռ նոր են սկսել ծանոթանալ գործի նյութերին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր՝ քրեական գործը հարուցվել էր «Հետք» տեղեկատվական կայքի 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» նյութի հիման վրա, որտեղ, ըստ ՔԿ-ի, մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։
Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին:
Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում:
Նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան՝ գրությանը կցելով նաև ՀՀ Կառավարության՝ 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգի համաձայն կազմված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց վրա բացակայել են, նշված որոշմամբ սահմանված կարգով, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված լինելու վերաբերյալ տվյալները:
Մարզպետի կողմից ներկայացված առաջարկությունը, առանց նշված համաձայնությունների, տարածքային կառավարման նախարարությունից ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որտեղ էլ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, որը ներառվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի նիստի օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց՝ 47-րդ համարի ներքո և ընդունվել։
Արդյունքում՝ օրենսդրության պահանջների խախտմամբ փոխվել է Հրազդան համայնքի անտառային ֆոնդի 50.48 հա հողատարածքի նպատակային նշանակությունը՝ 36.48 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ խառը կառուցապատման համար, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի՝ հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Հրազդան համայնքին, որն էլ իր հերթին հողատարածքը բաժանել է տարբեր հատվածների ու հրապարակային սակարկություններով վաճառել տարբեր քաղաքացիների։
Հետագայում նշված հողատարածքները 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով միացվել են Ծաղկաձոր համայնքին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։