23/01/2019 10:51
Թափանցիկության պայմաններում ինչո՞ւ թափանցիկություն չկա. Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Անհասկանալի է, թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը:
Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի և Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչու՞ թափանցիկություն չկա:
Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:
Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետևանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է՝ ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում և խորհուրդներ տալիս: Գիտակցու՞մ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղե՞լ», - գրել է քաղաքագետը։