24/01/2019 16:41
Կոտայքի նախկին մարզպետն իր գործողություններում կոռուպցիոն դրսևորում չի տեսնում
Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, հիշեցնենք, հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
«Կոտայքի մարզպետարանն օրենքով սահմանված կարգով համապատասխան առաջարկությունն ուղարկել է կառավարություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզպետն Կ. Շահգալդյանը։
Նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ։
«Մենք կառավարությունից համապատասխան հանձնարարարական ստանալով, գրություն ենք ուղարկել՝ 61,44 հա անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներն անհատույց օգտագործման համար հանձնել Հրազդան համայնքին», - մանրամասնեց Շահգալդյանը։
Դիտարկմանը, թե գործի շրջանակներում մարզպետարանի գործողություններում կոռուպցիոն դրսևորում չկա՞, Կովալենկո Շահգալդյանն արձագանքեց.
«Ես ընդամենն իրավունք ունեմ ասելու միայն Կոտայքի մարզպետարանի մասով։ Ընդամենը», - եզրափակեց Կոտայքի նախկին մարզպետը։