24/01/2019 11:54
Մհեր Ենոքյանը պսիխոպատ է, և Զարուհի Մեջլումյանը նրա զոհն է. Ելենա Աղաջանովա (Տեսանյութ)
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը պսիխոպատ է, այսօր լրագրողների հետ ճեպզրույցում հայտարարեց Ելենա Աղաջանովան, որը Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրն է։
«Մենք պահանջում ենք, որ նա դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի։ Ես կարող եմ ասել, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը նույնպես նրա զոհն է», - հայտարարեց Աղաջանովան։
Նշենք, որ Զարուհի Մեջլումյանը, որը նախկին լրագրող էր, Մհեր ԵՆոքյանի կինն է։
Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքով են պահանջում դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել Ենոքյանին, Աղաջանովան պատասխանեց, որ Ենոքյանի վարքագիծն է դրդում դիմել այդ քայլին։
Նա հայտարարեց, որ իրենք չեն ներում Ենոքյանին, քանի որ նրան ներելը «սպառնալիք է ազգային անվտանգությանը»։
Հիշեցնենք՝ ԵՊԲՀ-ի ուսանող Իոսիֆ Աղաջանովը սպանվել էր 1996 թվականին։ Նրա սպանության համար նույն բուհի ուսանող Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ զատազրկման, իսկ սպանությանը մասնակից Արամ Հարությունյանը՝ 15 տարվա ազատազրկման։