24/01/2019 12:07
ԱԳՆ-ում քննարկվում է Չինաստանի հետ առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ հաստատելու հարցը
Կառավարությունը որոշմամբ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր ունեցող քաղաքացիների համար Հայաստանի հետ կգործի առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ:
ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր, իսկ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանից ՀՀ եկած քաղաքացիները՝ 180 օր։
Ռեժիմը կսկսի գործել 2019-ի մարտի 3-ից:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցով զեկուցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է Չինաստանի հետ նման ռեժիմ ունենալու գործընթացը, նշելով, որ ինքը տեղյակ է արդեն իսկ շրջանառվող փաստաթղթի մասին.
«Նախարարությունում քննարկվում է Չինաստանի հետ սովորական անձնագրերով, առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների ռեժիմ սահմանելու հարցը։ Չինական կողմը ներկայացրել է մեզ միջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը դիտարկվում է համապարփակ և հաշվի են առնվում միգրացիոն հոսքերը, ռիսկերը կարգավորող և այլ միջազգային պայամանագրերի համատեքստը։ Ուսումնասիրում ենք նաև այլ պետությունների պրակտիկան»,- ասաց ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ բոլոր գործընթացները կատարելուց հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի վարչապետին ու կառավարությանը։
«Դեռևս պետք է անցնենք մի քանի փուլ, որը պետք է վերաբերի մեր ներքին քննարկմանը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։