24/01/2019 17:23
Վարչապետի աշխատակազմում կրճատված ծառայողական մեքենաներին կփոխարինեն հերթապահ մեքենաներ
Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ աշխատակազմը սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Ըստ նրա գրառման՝ փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն երկու փոխվարչապետերն ու ԱԱԽ քարտուղարը։
Aysor.am-ն Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ ու՞մ են սպասարկելու մյուս 4 ծառայողական մեքենաները։
«Դրանք լինելու են հերթապահ մեքենաներ, այսինքն՝ սպասարկելու են վարչապետի աշխատակազմին՝ ըստ անհրաժեշտության։ Այս 4 մեքենաներն անվանական չեն լինելու», - պատասխանեցին վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրասենյակից։
Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ։