25/01/2019 15:59
Կցանկանայի լսել կնոջս շնորհավորանքը, ով հիմա չկա. Տիգրան Մանսուրյանը դառնում է 80 տարեկան. տեսանյութ
Հունվարի 27-ին ժամանակակից հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը կդառնա 80 տարեկան: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կոմպոզիտորը նշեց՝ այդ օրն անցկացնելու է ընտանեկան միջավայրում:
«Դա լինելու է ոչ պաշտոնական, ընտանեկան հավաք: Կլինենք մենք ու մենք՝ իմ տարիների ընկերները, ընտանիքիս անդամները: Այդ առթիվ հարազատներս են եկել «դրսերից». երկու քույրերս՝ Արաքս և Սոնա Մանսուրյանները, այսօր աղջիկս է գալու Լոս Անջելեսից: Ցերեկը կնստենք, որպեսզի հետո ամեն մեկը կարողանա իր երեկոն տնօրինել: Ես երբեք թույլ չեմ տալիս, որ տոնական օրերն ինձ վրա, իմ աշխատանքի վրա իշխող դեր ունենան, երբեք սթափությունը չեմ կորցնում», - նշեց հոբելյարը:
Հարցին, թե ամենացանկալի մարդկանցից ո՞ւմ շնորհավորանքը կցանկանար հիմա լսել՝ մաեստրոն պատասխանեց՝ իր կնոջ, ով հիմա չկա…
Անդրադառնալով մշակութային կյանքում տեղ գտած վայրիվերումներին՝ երաժիշտը նկատեց՝ Սովետի ժամանակ կար վերահսկողություն, որպեսզի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով ռաբիս երաժշտություն չհնչի, հիմա այդպես չէ:
«Բոլոր բնագավառներում մենք հրաժարվեցինք արգելող «ձեռնափայտից»: Այսօր դասական երաժշտությանը մեկ տոկոս տեղ է տրված, մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին, զվարճանքին, դա է գերադասում մարդկությունը», - ընդգծեց նա:
Հանդիպման վերջում լրագրողների խնդրանքով Տիգրան Մանսուրյանը կատարեց իր ստեղծագործություններից՝ «Աշնան արև» ֆիլմի համար գրված երաժշտությունից մեկ հատված: