25/01/2019 17:20
Գնահատվում են ԱՄՆ պատժամիջոցների՝ հայաստանյան տնտեսության վրա բացասական հետևանքները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ուսումնասիրություններ է նախաձեռնել՝ պարզելու հայաստանյան տնտեսության վրա ամերիկյան պատժամիջոցների առկա և հնարավոր ազդեցությունների չափը։ Aysor.am-ին այս մասին հայտնեց նախարարության տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Անահիտ Խեչոյանը։
Նշենք, որ գերատեսչությունից հետաքրրքվել էինք հատկապես իրանական կապիտալով աշխատող ընկերություններում առկա իրավիճակի մասին՝ փորձելով պարզել, թե ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն են ունեցել այդ ընկերությունների, հետևաբար նաև՝ հայաստանյան տնտեսության վրա։
«Կազմակերպությունները կրած վնասների մասին իրենք կիմաման։ Մեզ, բնականաբար, ավելի հետաքրքիր է ՀՀ տնտեսության վրա պատժամիջոցների ընդհանուր ազդեցությունը, իսկ որպեսզի դա հասկանանք, պետք է հասկանանք՝ քանիսն են այդ կազմակերպությունները», - ասաց նա։
Անահիտ Խեչոյանը դժվարացավ նշել, թե ուսումնասիրությունների ավարտից հետո տեղեկատվությունը հասարակությանն ինչ ձևաչափով կներկայացվի՝ նախարարության կողմից մամուլի հաղորդագրության, թե գերատեսչությունն ինֆորմացիան կփոխանցի կառավարությանը, որն էլ կներկայացնի այն։
«Կարևորն այն է, որ մենք՝ որպես տնտեսական զարգացման համար պատասխանատու նախարարություն, այդպիսի ուսումնասիրություն ենք կատարում։ Իսկ թե արդյունքների մասին ով կհայտարարի և ինչ մակարդակով, ժամանակի խնդիր է», - ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցը։