25/01/2019 16:27
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գոևրգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի հունվարի 29-ին, այդ մասին քիչ առաջ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Գևորգյանը։
«Ես շատ շնորհակալ եմ, որ դուք հետաքրքրված եք իմ գործով, բայց այս պահին ոչինչ չունեմ ասելու։ Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին», - հայտարարեց Գևորգյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: