25/01/2019 14:19
ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը Փաշինյանը համեմատել է Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման հետ
Երբ պատգամավոր էի, դեմ էի ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր, այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
«Գիտեք իմ դիրքորոշումն այդ առումով։ Երբ ես ՀՀ խորհրդարանի պատգամավոր էի, դեմ էի քվեարկել այդ որոշմանը։ Դրանից հետո մեկ անգամ չէ որ ասել եմ՝ եթե մենք դա սխալ որոշում էինք համարում, չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր», - ասաց ՀՀ վարչապետը՝ շարունակելով.
«Ես միշտ բերում եմ այս օրինակը։ ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն»։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ու սա փաստ է, չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում։ Ինչպես տեսնում եք, մեր ջանքերն այսօր ուղղված են նրան, որ դարձնենք ԵԱՏՄ-ն ավելի արդյունավետ, նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Մենք արձանագրում ենք փաստն ու անում ենք ամեն հնարավորը, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի ավելի արդյունավետ, օգտակար ու հեռանկարային», - ամփոփեց ՀՀ վարչապետը։