25/01/2019 18:18
Ադրբեջանի հերթական հակահայկական քարոզչությունը. Ջոնի Մելիքյանը՝ Վրաստանում Միխայիլ Ավագյանի արձանի շուրջ բարձրացված աղմուկի մասին
Վրաստանի Բուղաշեն գյուղում օրեր առաջ տեղադրվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միխայիլ Ավագյանի կիսանդրին։ Մ.Ավագյանն ակտիվ մասնակցություն է ազատագրական մարտերին։
Հուշարձանի տեղադրման արարողությունից հետո Ադրբեջանն իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ նշելով, թե հուշարձանի տեղադրումը հակասում է Վրաստանի պետական քաղաքականությանը, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բաքվում Վրաստանի դեսպանն է հրավիրվել արտաքին գործերի նախարարություն. պահանջվել է հրատապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու այս փաստը, որը չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։
Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, որ այս թեմայի շուրջ իրարանցումն անտեղի է:
Aysor.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, թե այս ամենն Ադրբեջանի կողմից հերթական հակահայկական քարոզչությունն է։
«Սրանով նրանք փորձում էին արձանի վերաբացման փաստից քաղել դիվիդենտներ, որին զուգահեռ՝ Վրաստանում հակահայական տրամադրությունների նոր ալիք են առաջացնում, ինչն, իմ կարծիքով, ստացվեց իրենց մոտ, քանի որ թե սոցցանցերում, թե որոշ լրատվականներով միակողմանի մոտեցումներ հնչեցին, ինչը ոչ կոռեկտ էր», - ասաց նա։
Վրացագետի խոսքով՝ դեռ 1990-ականներից է արձանը կանգնած եղել ու քանի որ Ավագյանը ծնունդով Բուղաշեն գյուղից է, գյուղացիները ցանկություն են հայտնել, որ արձանը տեղադրվի։
«Ադրբեջանը փորձում է աբխազական որոշ զուգահեռներ տանել, ինչը կոռեկտ չէ ու Վրաստանի իշխանությունների դիրքորոշման վրա, իմ կարծիքով, ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Արձանի հարցը վերաբերվում է Վրաստանի ներքաղաքական տիրույթին ու երրորդ երկիրը չպետք է միջամտի Վրաստանի ներքին քաղաքականությանը», - նշեց Ջոնի Մելիքյանը։