25/01/2019 18:03
Լիրիկական մոտեցում է. Վարդան Բոստանջյանը՝ Մշակույթի նախարարության միավորման և Սփյուռքի նախարարության լուծարման մասին
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումը չի կարող արդյունավետ լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, նախորդ գումարման ԱԺ-ում մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Նա ընդգծեց, որ ԱԺ-ում այդ ոլորտները մի հանձնաժողովի մեջ միավորելն այլ բան է, բայց նույն ձևաչափով նախարարություն ձևավորելը լիրիկական մոտեցում է, քանի որ գործադիրում մի կառույց իրավունք չունի զբաղված լինել մեկ այլ ոլորտով:
«Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ լինի, բայց խորապես համոզված եմ՝ սա չի կարող արդյունավետ լինել: Այստեղ լիրիկական, հարևանային խոսակցություններն ավելորդ են, պետք է նստեն երևույթից հասկացող մարդիկ, գնահատեն, քննարկեն: Տնտեսական համակարգի արդյունավետությունը խոշոր առումով պայմանավորված է նրանով, թե որքանով են դրանց լիազորություններն ու գործառույթները ճիշտ սահմանված: Ճիշտ սահմանելու դեպքում կապահովվի համապատասխան արդյունավետություն, իսկ հիմա մեխանիկորեն մի քանիսն իրար ենք միացնում, աշխատո՞ւմ են իրար հետ, թե՞ չեն աշխատում, դրանց ներքին կառույցների հնարավորությունները պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ, հարց է: Նման պարագայում սա լիրիկական մոտեցում է», - ասաց Բոստանջյանը:
Վերջինս ընդգծեց՝ չի պատկերացնում, որ Մշակույթի նախարարությունը կարող է առանձին կառույց չլինել, իսկ Սփյուռքի նախարարությունը լուծարվել այն դեպքում, երբ բազմաթիվ հայեր ապրում են արտերկրում.
«Ոչ մի ձև ՀՀ-ում չեմ պատկերացնում Մշակույթի նախարարության բացառում կամ ասենք Սփյուռքի նախարարության վերացում, երբ 8 մլնից ավելի հայ մարդիկ ապրում են օտար երկրներում, ինչպե՞ս կարելի է չունենալ այդ նախարարությունը», - ասաց նա:
Բոստանջյանը նաև նկատեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե նախարարության գործառույթները կատարում են նաև այլ նախարարություններ, հետևաբար դրա առանձին գոյությունն արդարացված չէ.
«Սա հատվածային կիսատ մոտեցում է, որն ակնհայտորեն չի կարող երաշխավորել հաջողություն տվյալ ասպարեզներում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։