25/01/2019 13:20
ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
«Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում: Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը։
Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս աևւտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման եև փոխադարձ առևտրի համոզիչ աճ:
ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Մևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար:
Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:
Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձեւավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:
Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման , ինչպես նաեւ տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:
Համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը:
Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:
Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների եւ կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:
Ոչ պակաս կարևոր է նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ եւ արդարացի իրացումը:
Կարևոր է շարունակել երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, եւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:
ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը - տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում - աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը:
Անհրաժեշտ է շարունակել ջանքերը, որոնք ուղղված են մատչելիության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական հատվածի աճին եւ կայունության ապահովմանը, ինչպես նաև այս շուկայում մրցակցության արդյունավետության բարձրացմանը և զարգացմանը: Պետք է նաեւ ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջեւ հաշվարկներում:
Մենք համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն:
Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցութան ակնկալիք ունեմ 2019 թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև ԵՏՀ կոլեգիայի անդամները Նիկոլ Փաշինյանին ուղղել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ զարգացմանը: