25/01/2019 10:37
Վաշինգտոնը պատժամիջոցներ է ընդունել Իրանի շահերը պաշտպանող հայկական ընկերության դեմ
Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք եւ զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «Լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» եւ շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում եւ Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է նաեւ, որ պատժամիջոցներ կընդունվեն նաեւ բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի եւ սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։
ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների եւ անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում: