26/01/2019 12:50
«Տ-34»` երբ նույնիսկ մեկ տանկն ուժ է. կայացավ ֆիլմի երևանյան պրեմիերան (Տեսանյութ)
Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Տ-34» ռուսական գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը:
«Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերային հրավիրված էին Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայկական ռազմաուսումնական հաստատություների կուրսանտներ, դերասաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Տ-34»-ի հայաստանյան ցուցադրությունը կազմակերպել էր «Շարմ Հոլդինգը»` Երևան հրավիրելով ֆիլմի ստեղծագործական թիմի անդամներին:
Ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի դրվագներից մեկի մասին: Տանկիստ, կրտսեր լեյտենանտ Իվուշկինը, հայտնվելով գերմանական գերության մեջ, ծրագրում է անիրական թվացող փախուստ: Նրա միակ հույսը լեգենդար «Տ-34» տանկն է ու իր 3 հոգանոց անձնակազմը:
«Նույնիսկ մեկ տանկն` ուժ է, եթե դրա անձնակազմը միասնական է ու գիտի իր գործը», - ֆիլմի դրվագներից մեկում ասում է Իվուշկինը:
«Տ-34»-ի պրեմիերան Ռուսաստանում ու աշխարհում տեղի է ունեցել այս տարվա հունվարի առաջին օրերին, ու չնայած դրան՝ այն արդեն հասցրել է դիտել մոտ 8 մլն մարդ:
«Ֆիլմը շատ կարևոր է բոլորի ու, հատկապես, երիտասարդության համար, որպես իրական հայրենասիրության օրինակ, որպես հիմք` հպարտանալու սեփական երկրներով ու պապերով: Հատկապես շատ ուրախ եմ այսօր դահլիճում տեսնել մեր վետերաններին: Շատ շնորհակալ ենք ձեզ, ֆիլմը նաև ձեր մասին է», - ցուցադրությունից առաջ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեջբերելով ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովի խոսքերը.
«Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայերը` սկսած շարքայինից ու վերջացրած մարշալներով, անմահացրել են իրենց անունները քաջ մարտիկների չմարող փառքով»:
Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն, ով մասնակցում էր երևանյան պրեմիերային նշեց, որ այ պահին «Տ-34»-ը տեսավարձույթում ամենաշատ գումար հավաքած երկրորդ ֆիլմն է Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում.
«Միգուցե, սցենարային առումով սա մի քիչ հեքիաթ է, մի քիչ անիրական պատմություն, բայց մենք մտածեցինք, որ մարդիկ սրա կարիքն էլ ունեն», - լրագրողներին ասաց Ռուբեն Դիշդիշյանը:
Երևանյան ցուցադրությանը մասնակցելու համար Հայաստան էին եկել նաև ֆիլմի տանկիստներից երկուսը` դերասաններ Վիկտոր Դոբրոնրավովն ու Անտոն Բոգդանովը:
«Մեծ հպարտություն ու պատիվ է մեզ համար այսօր այստեղ գտնվելը: Դահլիճում բազմաթիվ մարդիկ եմ տեսնում զինվորական համազգեստով, սա ֆիլմ է ձեզ համար, սա մեր հնարավորությունն է շնորհակալություն հայտնելու ձեզ», - ասաց դերասան Վիկտոր Դոբրանրավովը:
Նշենք, որ ֆիլմի նկարահանման բյուջեն կազմել է մոտ 10 մլն դոլար: Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում ու Չեխիայում:
Մանրամասները՝ տեսանյութում: