26/01/2019 10:21
Հայ-իրանական հարաբերությունների տնտեսական տիրույթում առաջացել են ռիսկեր. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Հայաստանում կամ Իրանում տեղի ունեցող իշխանափոխությունները և ներքաղաքական զարգացումները չպետք է որևէ ազդեցություն ունենան երկու երկրների հարաբերությունների վրա, քանի որ դրանք հավասար կենսական նշանակություն ունեն և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։
«Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների արդի փուլին, Հայաստանում ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ որոշակի շրջանում դրանցում զգալի դադար կար։ Մենք խնդիր ունենք այդ դադարի հետևանքով առաջացած բացերը հնարավորինս արագ և որակյալ լրացնելու։ Մենք՝ որպես պետություն, այդ խնդիրն ունենք, իսկ բացերը կարող են լրացվել հատկապես բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների կազմակերպմամբ», - Aysor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ խոսքը գլխավորապես վերաբերում է երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումներին։ Ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնայների շփումներն անընդհատ և ամենաբարձր մակարդակով պետք է կազմակերպվեն, որպեսի հայ-իրանական հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդվեն։
«Բարձ մակարդակի հանդիպումները երկու պետությունների միջև հարաբերությունների կարևոր ցուցիչ են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանային մեր հակառակորդները փորձել և հիմա էլ փորձում են օգտվել դադարի փուլից։ Մենք երկկողմ հարաբերություններին պետք է նոր թափ և որակ հաղորդենք», - շեշտեց իրանագետը՝ հավելելով, որ հայ-իրանական հարաբերություննները չպետք է պայմանավորվեն արտաքին ազդակներով, հորդորներով կամ ճնշումներով։
Վարդան Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակը քաղաքական տիրույթում չի փոխվել, իսկ ահա տնտեսական տիրույթում առաջացել են որոշակի ռիսկեր, որոնք կարող են ազդել նաև քաղաքական տիրույթի վրա։
«Խոսքը վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին, որոնք որոշակի անհանգստություն և զգուշավորություն են առաջացնում Հայաստանում։ Ամեն դեպքում, հայ-իրանական հարաբերությունների ներուժն այնքան մեծ է, որ ընդհանուր քաղաքական ֆոնը կարելի է դրական գնահատել, բայց, կրկնում եմ, զգալի աշխատանքներ կան, որոնք պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով իրականացվեն, հակառակ դեպքում մեծ բացեր կունենանք», - ամփոփեց իրանագետը։