26/01/2019 16:04
Ինչպես է ստացվում, որ պետության պատասխանատվության տակ գտնվող ԶԼՄ ներկայացուցիչը մահանում է բանտում հացադուլի պատճառով
«Եթե կարճ բնութագրեմ, շոկային վիճակում եմ. «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ է, և հանրությունն այդ մասին, կարծես թե, տեղեկացված չի եղել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Մհեր Եղիազարյանի մահվան փաստին։
«Երկրորդ, կարևոր է անձի կարգավիճակը։ Ըստ էության, գործ ունենք լրատվական դաշտի ներկայացուցչի հետ։ Երրորդ, չմոռանանք, որ գործ ունենք անձի հետ, որն անազատության մեջ էր գտնվում կոնկրետ քրեական մեղադրանքով, ոչ թե՝ դատավճռով։ Ես կյանքի իրավունքին վերաբերող նման խնդիր վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում չեմ հիշում։ Ամենակարևոր իրավունքի մասին է խոսքը։ Մարդ, որն ամբողջովին գտնվում էր պետության պատասխանատվության տակ, հացադուլի պատճառով մահանում է։ Նման բան ես ուղղակի չէի էլ պատկերացնում, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում։ Սա լրջագույն ճգնաժամի մասին է խոսում՝ առաջին հերթին իրավապաշտպան հանրությունում, լրջագույն խնդիրների մասին է խոսում լրատվական դաշտում։ Սա լրջագույն ազդակ է, որ շատ կարևոր բաներ այնպես չեն աշխատում մեր երկրում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, պարզաբանում պետք է ստանա երկու հանգամանք՝ առաջին՝ արդյոք ՔԿՀ-ների պատասխանատուները կատարել են միջազգային չափորոշիչներով նախատեսված, իրենցից կախված ամեն ինչ՝ ապահովելու անձի կյանքի իրավունքը, և երկրորդ՝ արդյոք այն մեղադրանքը, որի կապակցությամբ անձը հացադուլ է հայտարարել, եղել է բավարար՝ օրենքով սահմանված չափանիշներին համապատասխան։
«Ես կարծում եմ՝ այս հանգամանքը հաշվի առնելով՝ այստեղ արդեն նախաքննության գաղտնիքը և նմաատիպ երևույթները երկրորդական, երրորդական նշանակություն են ստանում։ Հանրությունը պետք է հրատապ պարզաբանումներ ստանա, թե ինչ հիմքերով է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել, հետո էլ դատարանը կալանք է կիրառել, և այսպիսի հետևանք ենք ունեցել։ Մենք գործ ունենք լրջագույն հետևանքի հետ՝ անձի կյանքի իրավունքի վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նկատեց, որ խնդիրն առավել հատկանշական է դառնում, որովհետև լրատվական դաշտի յուրաքանչյուր ներկայացուցչի նկատմամբ որևէ միջամտություն ինքնին առաջացնում է հանրային լրացուցիչ հետաքրքրություն, իրավաչափ շահեր առաջացնում, որովհետև կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ քրեական մեղադրանքը որոշակի առնչություն ունի խոսքի ազատության իրականացման հետ։
Մհեր Եղիազարյանը մահացել է այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 44 օր հացադուլից հետո։
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։