26/01/2019 11:36
Մեզ մոտ մենաշնորհ իրավիճակները, հարկային պարտավորությունների կատարումը, մեղմ ասած, անցանկալի վիճակում են. Վարդան Բոստանջյան
Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ ՀՀ տնտեսական հեղափոխության համար ստեղծված նախադրյալների, հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների ու ներդրողներին տրվող երաշխիքների մասին:
- Պարոն Բոստանջյան, հեղափոխությունից հետո վարչապետը հայտարարեց, որ հաջորդ քայլը պիտի լինի տնտեսական հեղափոխությունը: Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում տնտեսական հեղափոխության համար:
- Պետք է ամբողջ տնտեսական համակարգի կառուցվածքը արմատապես փոխել, քանի որ այսօր ունենք ոչ ժամանակակից տնտեսական համակարգ, իսկ դա պահանջում է հետևողական ու շարունակական աշխատանք, ըստ էության, այն պետք է կրի ինովացիոն և ներդրումային բնույթ, որտեղ այս երկուսը շաղկապված են: Առանց ինովացիաների և դրանով պայմանավորված ներդրումային քաղաքականության՝ ուղղակի այս բարդ համակարգում չենք կարող հասնել նկատելի առաջընթացի, ՀՀ-ն այդ առումով ունի որոշակի պոտենցիալ. այդ պոտենցիալը ինչպես մարդկային կապիտալում, այնպես էլ կառավարման համակարգում է գտնվում: Այն առաջին հերթին պետք է ելնի երկրի անվտանգության պահպանման դիտակետից: ՀՀ-ն իր չափերով ու ունեցած ռեսուրսներով, ըստ էության, պետք է զարկ տա փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ի դեմս փոքր և միջինի բիզնեսի՝ երկրում միջին խավ է ձևավորվում, իսկ Հայաստանին աղքատության մակարդակի իջեցում է անհրաժեշտ:
- Շատ են պնդումներն այն մասին, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, ինչպե՞ս եք գնահատում այսօր եղած օրենսգիրքը և ինչպիսի՞ առաջնային փոփոխություններ են անհրաժեշտ դրանում կատարել:
- Հարկային բեռի ոչ հավասարաչափ բաշխվածության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա են գործունեության ոչ հավասար պայմաններ, ինչի պարագայում մեր մոտ մենաշնորհ իրավիճակները, հարկային պարտավորությունների կատարումը և այլն գտնվում են մեղմ ասած, անցանկալի վիճակում: Սրա վերացման առաջին պայմանը հարկային նպաստավոր դաշտի առկայությունն է: Այդպիսի դաշտ ՀՀ-ում այս պահին գոյություն չունի: Ողջունում եմ, որ զարգացման տեսանկյունից հիմա ձեռնամուխ են լինում հարկային հարաբերությունները բարելավվելու, այն տնտեսվարող սուբյեկտների համար նպաստավոր դարձնելու համար:
- Ներդրողներին անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ: Փաշինյան-Ալիև յուրաքանչյուր հանդիպումից հետո բարձրաձայնվում է տեսակետ, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հավանականությունը խոչընդոտում է ներդրումներին: Նման մտավախություն կարո՞ղ ենք ունենալ:
- Իհարկե, կարող ենք ունենալ: Ցանկացած ներդրող, հատկապես, օտարերկրյա ներդրող ունի այս մտավախությունը: Տնտեսական գործունեություն իրականացնողը շահ պետք հետապնդի: Եթե նրանք պատկերացնում են, որ ռիսկերի դաշտում են գտնվելու, ապա ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայրենական ներդրողները չեն գնա այդ ռիսկին: Մենք ամեն ինչ պետք է անենք նվազագույնի հասցնելու համար այդ ռիսկերը: Պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ և իրավական ամուր հիմքր և պետական ընդգծված երաշխիքներ, որի պարագայում ցանկացած ներդրող կիմանա, որ ինքը չի հայտնվելու ֆորսմաժորային վիճակում: