26/01/2019 13:52
ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից:
«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», - նշել է երկրի վարչապետը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», - ասել էր Փաշինյանը:
Դրանից հետո Մոսկվայում նա հայտարարել էր, որ բանակցություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու չի ներկայացնում Արցախի Հանրապետությունը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է։