26/01/2019 15:47
Սաթիկ Սեյրանյանը ցավակցել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ
Ցավում եմ տեղի ունեցածի համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանին:
«Անձամբ ծանոթ չեմ, չգիտեմ լրագրողական ինչպիսի գործունեություն է ծավալել: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցություններս եմ հայտնում հարազատներին, բայց դեպքի գործի մանրամասներին էլ ծանոթ չեմ: Որքանով պաշտոնական հրապարակումներից ծանոթացել եմё հարուցված քրգործը եղել է ոչ լրագրողական ոլորտի գործունության համար, դրա համար ավելին չեմ կարող ասել, մինչև հասկանամ իրավիճակը», - ասաց Ս.Սեյրանյանը:
Մհեր Եղիազարյանը մահացել է այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 44 օր հացադուլից հետո։
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։