28/01/2019 16:15
ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական համագործակցության փաստաթուղթ վաղուց պետք է լիներ. քաղաքագետ
Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության փաստաթուղթ վաղուց պետք է լիներ, այն նույնիսկ ուշանում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ կողմերի միջև նման համաձայնագրի աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Հայկական դիվանագիտությունը, չգիտես՝ ինչու, այս թեման պահում է որպես պահուստային տարբերակ, և այն պահին, երբ կարիք է լինում ուժային փաստարկ առաջ քաշել, հիշում է դրա մասին։ Չեմ ուզում ասել, որ փաստաթուղթն ուշացած է, սակայն այն ուշանում է։ Ուշանում է, քանի որ բավական լուրջ, ոչ ձևական փաստաթուղթ կարող է լինել», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով փաստաթղթի առնչությամբ միջազգային հանրության հնարավոր արձագանքին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այն որևէ կերպ չի բարդացնի արտաքին խաղացողների հետ Հայաստանի հարաբերությունները։
«Փաստաթղթի ստորագրմամբ նոր հնարավորություններ են բացվում՝ և՛ ռազմատեխնիկական, և՛ քաղաքական տեսակետից։ Բայց եթե դա լինելու է զուտ դեկլարատիվ փաստաթուղթ, այդ պարագայում պակասեցնելու է մանևրելու մեր հնարավորությունները։ Եթե համաձայանգրից բխելու են բառիս բուն իմաստով ինտեգրացիոն քայլեր, որոնք կյանքի կկոչեն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին որոշումը, ապա նշված փաստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծելու։ Դա պահանջում է Արցախի շուրջ Հայաստանի մարտավարության որոշակի փոփոխություն, որին, չգիտեմ, թե որքանով է պատրաստ ՀՀ այսօրվա ղեկավարությունը», - շեշտեց Վիգեն Հակոբյանը։
Քաղաքագետը միաժամանակ նկատեց, որ Հայաստանը, զգուշանալով միջազգային հանրության հնարավոր արձագանքից, ինքն իր առջև արհեստական դիլեմաներ է դրել և տարիներ շարունակ Արցախի հետ համագործակցության պայմանագիր չի կնքել։
«Գիտեք, միջազգային կառույցները բավականին ադեկվատ են։ Իրենք շատ լավ հասկանում են, թե տարածաշրջանում իրականում ինչ է կատարվում, թե ինչ փոխհարաբերություններ կան Հայաստանի և Արցախի միջև։ Երբ ՀՀ վարչապետն ասում է, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից և դրա համար էլ չի կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություներ վարել, դա ակնարկ է, որ մեզ դրդում են Արցախը ճանաչել որպես վերամիավորված տարածք։ Այդ դեպքում Հայաստանը կարող է Արցախի անունից խոսել», - ասաց քաղաքագետը։
Հարցին՝ ինչո՞ւ մինչ այս պահը Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվել, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝ պատճառն, ամենայն հավանականությամբ, մեր երկրի ունեցած մտավախություններն են եղել։ Հայաստանն, ըստ նրա, մշտապես կարծել է, որ նմանօրինակ փաստաթուղթը կարող է ընկալվել բանակցային գործընթացից դուրս գալու տարր։
«Հայաստանը վախեցել է, որ դա կարող է դիտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ճեղքելու, այն կասկածի տակ դնելու փորձ», - եզրափակեց նա։