28/01/2019 12:19
Բանակը չի մասնակցել ներքաղաքական հարցերին. ՀՔԾ պետի ասածն ամոթ է. Վիտալի Բալասանյան
Սահամանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին։
«Այսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի՞, որ նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, էլի, ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչո՞ւ է կարգը տապալում», - ասաց նա։
Վիտալի Բալասանյանն ասաց, թե չի հասկանում այդ հոդվածը։
«Բանակը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ կրակել են», - ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ովքե՞ր են կրակել «Չերեմուխա»-ից, նա պատասխանեց, թե ներքին զորքերը։
«Բանակը չունի այդպիսի զինատեսակ, երբևիցե չի ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչո՞ւ եք խառնում ամեն ինչ», - ընդգծեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասում էր Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի, Բալասանյանն արձագանքեց. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել։ Վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են ծանր վիճակի մեջ, ամոթ է, չի կարելի։ Ի՞նչ է նշանակում սպանել են, որ արտակարգ դրություն մտցնեն։ Գիտեք՝ ովքեր են այդպիսի բաները արտահայտում, շատ կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»։