28/01/2019 10:48
Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները. սրանց շուրջ են բանակցությունները. ԱԳ նախարար (Տեսանյութ)
Մենք որևէ կերպ չենք շեղվել մեր դիրքորոշումներից, որ ասել ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա ընդգծեց՝ իր համար տարօրինակ է, որ խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակների մոտ առաջացնում է պարտվողական տրամադրություն:
«Մենք որևէ կերպ չենք շեղվել այն բաներից, որ ասել ենք: Վստահ եմ, որ բազմիցս լսել եք ու որևէ շեղում մեր դիրքորոշման մեջ չի եղել, երբ մենք ընդգծել ենք, այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ամենակարևորն ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ են բանակցությունները: Կան մեր գերակայությունները ու չկա որևէ բան, որ դուք չիմանաք», - ասաց նա:
Անդրադառնալով բանակցություններին ԼՂ ընդգրկվածությանը՝ Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է:
«Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է», - ասաց նա: