28/01/2019 14:22
Ստեփանակերտն ինքը պետք է քաշի իր ինքնիշխանության տիրույթն ապահովող կարմիր գծերը. Արման Մելիքյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բանակցային գործընթացում Հայաստանը վստահաբար չի կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
- Պարոն Մելիքյան, անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ կողմերի պարտավորությունների շուրջ համապատասխան փաստաթուղթ ստորագրվի, պարտավորություններն ամրագրվեն իրավաբանորեն։
- ՀՀ արտգործնախարարը շեշտում է, որ պաշտոնական Երևանի համար առաջնային են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերն ու շրջանցում է տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ պաշտոնական Երևանը շարունակում է առաջնորդվել տարածքների հանձնման դիմաց Ադրբեջանից անվտանգության ու կարգավիճակի հարցերում որոշակի զիջողականության ակնկալիքներով:
Այս բանաձևի կիրառումն Արցախում չի ընդունվում, ուստի Ձեր ակնարկած փաստաթղթի ստորագրումն էլ քիչ հավանական եմ համարում: Կարծում եմ, որ առայժմ պաշտոնական Երևանը կշարունակի իր կոնտակտներն Ադրբեջանի հետ՝ առանց իր գործողությունների ազատությունը որևէ կերպ կաշկանդող երկկողմ փաստաթուղթ ստորագրելու: Ավելորդ չի լինի, որպեսզի այդ ընթացքում Ստեփանակերտում մշակեն ու գործադրման նախապատրաստեն սեփական արտաքին քաղաքական ռազմավարությունը, որը նաև բանակցային գործընթացի հետ կապված սկզբունքային դրույթներ կպարունակի:
- Եթե հայկական կողմերի միջև նման պայմանագիր կնքվի, այն ավելի շատ դրակա՞ն , թե՞ բացասական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի հնարավոր արձագանքը։
- Ստեղծված իրավիճակում նմանօրինակ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական եմ համարում՝ առայժմ պաշտոնական Երևանը շարունակում է բանակցել նույն հին և ամուլ բանաձևի շուրջ, միայն թե այժմ նա հանդես չի գալիս նաև Արցախի անունից: Բովանդակային տեսանկյունից նոր մոտեցումներ գործնականում չկան ու, հավանաբար, մշակված էլ չեն: Ամենայն հավանականությամբ այդպիսի աշխատանք կատարելու նպատակն էլ դեռևս ձևավորված չէ:
- Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ մինչև այս պահը նման փաստաթուղթ չի մշակվել։
- Եթե խոսքը Երևան-Ստեփանակերտ երկկողմ պաշտոնական համաձայնագրին է վերաբերվում, ապա դա, ամեն դեպքում, տեսականորեն կարող էր ունենալ լիազորագրի ձև, որով բանակցություններին չմասնակցող Ստեփանակերտը կարտոներ պաշտոնական Երևանի իրավունքը՝ բանակցելու ինչ-ինչ հարցերի շուրջ և կարգելեր այդ հարցերի շրջանակից դուրս արվելիք հնարավոր քննարկումները: Քանի դեռ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր միաժամանակ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, այսպիսի փաստաթղթի ստորագրումն անիմաստ էր:
Իսկ այժմ, երբ բանակցություններում Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն է ներկայացնում և ընդգծում է, որ չի կարող ներկայացնել Արցախի դիրքորոշումը, Ստեփանակերտն ինքը պետք է հրապարակավ քաշի այն կարմիր գծերը, որոնք կապահովեն իր ինքնիշխանության տիրույթն անընդունելի բանակցային առաջարկներից կամ լուծումներից: Ասածս այն է, որ Ժամանակը եկել է, որպեսզի Ստեփանակերտում էլ մարդիկ տեղից շարժվեն ու սկսեն զբաղվել լուրջ մասնագիտական աշխատանքով: