28/01/2019 18:00
Հայաստանի և Արցախի միջև հաձայնագրի դե յուրե ձևակերպումն ինքն իրենով մեսիջ է. Թևան Պողոսյան
Վստահ եմ, որ բոլոր կողմերը գիտակցում են՝ ինչ մեսիջներ են ուղարկվելու արտաքին աշխարհին Հայաստանի և Արցախի միջև հնարավոր ռազմաքաղաքական համաձայնագրով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ կողմերի միջև նման համաձայնագրի աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Երևի հաշվարկել են, որ համաձայնագիրը պետք է կնքել այն ժամանակ, երբ դրա ճիշտ ժամանակը կլինի։ Մի բան, սակայն, պետք է գիտակցենք. այսօրվա դրությամբ Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները շատ հարցերում ձևակերպված չեն փաստաթղթով, բայց միշտ քննարկվում են, պայմանավորվում են», - ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, խորհրդարանի, կառավարության և պետական ինստիտուտների մակարդակով հաջողությամբ փոխգործակցում է վերջինիս հետ։
Թևան Պողոսյանի խոսքով՝ հայկական երկու պետությունները գոյակցում են քաղաքական համագործակցության իրավիճակում, և հարցն այդ համագործակցությունը դե յուրե ձևակերպելն է։
«Իսկ դե յուրե ձևակերպումն ինքն իրենով մեսիջ է։ Մինչև հիմա համարել են, որ ռազմաքաղաքական համաձայնագրի ժամանակը չէ, հիմա, եթե համարեն՝ ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա», - նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով կնքվելիք համաձայնագրի առնչությամբ միջազգային հանրության հնարավոր արձագանքին՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ այն միանշանակ չի լինելու։
«Լինելու են երկրներ, որոնք այդ փաստը ոչ մի կերպ չեն ընդունելու կամ ընդունելու են անտարբերությամբ։ Նրանց շահերի մեջ չեն մտնում ո՛չ մեր տարածաշրջանը, ո՛չ Արցախյան հիմնախնդիրը, ո՛չ էլ այն, թե ինչ հարաբերություններ են այստեղ հաստատվում։ Բայց կան այնպիսի երկրներ, որոնք ունեն յուրահատուկ հետաքրրքություններ։ Կան երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք համարում են, որ Հայաստանն իրենց թշնամին է։ Եվ իհարկե, կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները։ Այնպես որ, ամեն երկիր, առանձին վերցրած, իր վերաբերմունք է ունենալու։
Իսկ ահա հայկական երկու պետությունների ղեկավարներն առաջնորդվում են միայն ու միայն հայկական շահերով և ըստ դրա՝ գործողությունների գնում», - ասաց քաղաքագետը։