28/01/2019 11:02
Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը, մենակ Տոնոյան Դավի՞թն է, բա ո՞ւր են նախկին նախարարները. Վիտալի Բալասանյան
Ես որևէ մեկին ցանկություն չունեմ միանալու, ես միանում եմ արդարադատությանը, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանա արդյոք ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացվող ստորագրահավաքին։
«Համոզված եմ, որ արդարադատությունը ճիշտ կիրականացվի և՛ հոկտեմբերի 27-ով, և՛ 1996 թվականի նախագահական ընտրություններով։ Պետք է բոլոր մութ տեղերը փակվեն», - ասաց Բալասանյանը։
Նա նշեց, թե բոլորն էլ մտահոգ են մութ տեղերի առկայությամբ։
«Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունե՞մ հարցնեմ։ Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք, և՛ հրամանատարները, և՛ բոլոր ղեկավարները։ 1995 թվականից առ այսօր ես երբևիցե մեր պետական միջոցառումներին չտեսա ատաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Այսօր Զինված ուժերի ստեղծման օրն է։ Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը։ Մենակ Տոնոյան Դավի՞թն է։ Բա ո՞ւր են նախկին նախարարները։ Իրավունք չունենք այսպես ապրելու, չի կարելի, սա պետական միջոցառում է։ Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք։ Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք», - ասաց Բալասանյանը։
Նա նշեց, թե պետական ինստիտուտի ղեկավարին չեն հարգում։