28/01/2019 11:40
Նրանք, ովքեր պետական պաշտոն են զբաղեցրել և ասում են, թե Արցախը թույլ է եղել, ամոթ իրենց. Վիտալի Բալասանյան
Արցախյան կողմը և համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Մենք ժամանակին այդ զիջումներն արել ենք։ Հայաստանն է այդ զիջումներն արել։ Երբ Ադրբեջանի վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանաձև էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում հարձակվողական գործողություններից՝ թաքցնելու որևէ բան չկա։ Իսկ ադրբեջանական կողմն իր զորքն երկու ամսում վերադասավորում էր, զինտեխնիկան բերում էր և սկսում էր հարձակվողական մարտերը 2016-ին», - ասաց Բալասանյանը։
Նա ասաց նաև. «Նրանք, ովքեր երեկ պետական պաշտոն են զբաղեցրել կամ այսօր էլ են զբաղեցնում, և ասում են, թե 1993-94 թվականին շատ թույլ ենք եղել, կներեք արտահայտությանս համար, ամոթ իրենց։ Մենք սկզբնական շրջանում ենք թույլ եղել, բայց երբ Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը բացել ենք, տարածաշրջանում եղել ենք ամենահզորը»։