28/01/2019 12:40
Արցախի հարցով բանակցությունները պետք է պաշտոնական փաստաթղթի շուրջ արվի. բանավոր բոլոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին. Բալասանյան
Արցախի հարցով բանակցությունները պետք է պաշտոնական փաստաթղթի շուրջ արվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Նրանք, ովքեր ասում են, որ ժողովրդին պետք է պատրաստել խաղաղության, ես հորդորում եմ, առաջարկում եմ, որպեսզի համապաստախան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները կնքեն խաղաղության պայմանագիր։ Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի Միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովրդին պատրաստել խաղաղության», - նշեց նա։
Վիտալի Բալասանյանի խոսքով՝ միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, պարտադրված ենք մտել պատերազմի մեջ։
«Փաստաթուղթ է պետք, որպեսզի Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները, Հայաստանում ապրող ժողովուրդը, Արցախում ապրող ժողովուրդն իմանա՝ ինչի մասին է խոսքը։ Մարդ կա՞, որ ուզում է պատերազմ լինի, իհարկե ոչ, բայց խաղաղության պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք», - ընդգծեց նա։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ բանավոր բոլոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին։
«Բանավոր հարցեր չեն լուծում», - ասաց նա։
Հարցին՝ Արցախի համար կարո՞ղ է ընդունելի լինել խաղաղության դիմաց որոշակի զիջումների գնալ, Վիտալի Բալասանյանը շեշտեց՝ ոչ։
«Միանշանակ ասում եմ՝ ոչ, Արցախյան կողմն ու համայն հայությունը պատրաստ չէ որևէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց, մենք ժամանակիին այդ զիջումներն արել ենք», - ասաց Վ. Բալասանյանը։