28/01/2019 11:17
Որևէ մեկին թույլ չի տրվելու բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և մեր ժողովրդի ուժերով, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասաց Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե Դավոսում ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծեց Վ. Բալասանյանը:
Հարցին, թե այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Բալասանյանն արձագանքեց.
«Միանշանակ։ Ժամանակները փոխվել են»։