29/01/2019 12:56
Պարգևատրումների հետքերով. ՊԵԿ ղեկավարը կանչվել է «Իմ քայլը» խմբակցություն (Տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Կառավարության պաշտոնյան զեկուցելու է վերջին շրջանում առավել քննարկվող պարգևատրումների հարցը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ բացի պարգևատրումների հարցից, քննարկվելու են նաև «Հարկային օրենսգրքի» ներկայացված փոփոխությունները։
«Պարգևավճարների հարցը մեզ որոշակի մտահոգության տեղիք է տալիս և կարծում ենք, որ այդ հարցը վերանայման խնդիր ունի», - այսօր խորհրդարանում ասաց Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել ու կառավարության հետ միասին գալ միասնական որոշման։
Aysor.am-ի հարցին, թե հնարավո՞ր է դրվի ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով նրա նշանակման և հետո պաշտոնավարման ընթացքի շուրջ հանրության դժգոհությունը, Լ.Մակունցը պատասխանեց.
«Ցանկացած հարց, որը մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ։ Ես կարծում եմ՝ ոչ հանրության կողմից բարձրացվող հարցերն են ինքնանպատակ, ոչ օրենսդիր և ոչ էլ գործադիր մարմնի կողմից։ Մենք ինչ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա։ Այս պահին չեմ կարող ձեր հարցին պատասխանել, այս պահին նման խնդիր չենք դնում։ Մենք խնդիր ենք դնում լուծել այս պահին մեր առջև դրած խնդիրները։ Ինքնանպատակ ոչինչ չկա, եթե պետք է քայլ անենք, որը ունենալու է հստակ լուծում, եկեք անենք այդ քայլը»։