29/01/2019 18:28
Յոհանես Հանի երևանյան այցը Հայաստանին շտապեցնելու քայլ է. քաղաքագետ
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի երևանյան այցը կարելի է գնահատել որպես Հայաստանին շտապեցնելու քայլ, որովհետև մեր երկիրն արդեն քանի ամիս պետք է քայլեր կատարեր ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում։ Դրանք, սակայն, չեն կատարվել, և Բրյուսելը փորձում է Երևանին հիշեցնել այդ մասին ու շտապեցնել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Հարցին՝ ԵՄ անդամ երկրներին զուգահեռ՝ համաձայնագրի վավերացման շրջանակներում պատրա՞ստ է արդյոք Հայաստանն անելու այն կարևոր քայլերը, որոնք կնպաստեն ուշացող գործընթացի հանգուցալուծմանը, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։
«Ինձ թվում է՝ ոչ, որովհետև ինչ վերաբերում է մեր արտաքին գերատեսչությանը, ապա այն ամբողջովին ընկղմված է ղարաբաղյան խնդրի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ։ Պարզապես պետք է անհրաժեշտ ռեսուրս ունենանք, որպեսզի Եվրամիության հետ աշխատանքներ տանենք», - նշեց Աղասի Ենոքյանը։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համաձայանգրի տեխնիկական մասին՝ նա համոզմունք հայտնեց, որ նոր կառավարությունը պետք է ներկայացնի իր հայեցակարգը, որպեսզի հասկանալի լինի՝ որքանով է այն համահունչ նախկին իշխանությունների նախաձեռնած եվրաինտեգրման քայլերին։
«Մյուս կողմից, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան պետք է դիտարկել արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում, որովհետև տեսնում ենք, որ այժմ կարգավորման շուրջ բավականին ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Չեմ բացառում, որ Եվրամիության կողմից հակամարտության կողմերին կտրվի լուրջ քաղաքական և ֆինանսական աջակցություն», - ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։